Logo
ՀԱԱՀ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ակնկալվող արդյունքներ

  Ակնկալվող արդյունքներ Ակնկալվող արդյունքներ Ակնկալվող արդյունքներ

«Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի ակնկալվող վերջնարդյունքն է ինքնաֆինանսավորմամբ գործող, մշտական վերարտադրություն ապահովող և զարգացող գիտակրթաարտադրական բազայի առկայություն՝ ապահովելու երկրի գինեգործության ոլորտը  որակյալ կադրերով և նորամուծություններով:

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

  • Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ՀԱԱՀ-ի շրջանավարտների մասնագիտական աշխատանքի անցնելը
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան գիտական հետազոտությունների, հայտնագործությունների իրականացում և դրանց ներդրում ի նպաստ ճյուղի զարգացման:
  • Նոր ուսումնական պլանների և ծրագրերի առկայության շնորհիվ արդիականացված և առավել արդյունավետ ուսումնական գործընթացի կազմակերպում:

Ծրագրի արդյունքում համալսարանի կազմում արդեն իսկ գործող բոլոր կառույցները և նրանց հնարավորությունները մեկտեղվել  են մեկ գաղափարի շուրջ` դարձնելով կրթությունն առավել արդյունավետ և համակողմանի: Ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը, համախմբելով իր գիտամեթոդական ու մանկավարժական փորձն ու ներուժը, առկա ռեսուրսները (գրականություն և այլն), իր կազմում գործող այլ կառույցների հետ մեկտեղ, ապահովել է ծրագրի հաջող իրականացումը ու շարունակականությունը: Մասնավորապես, EVN գինու ակադեմիան, որպես կառուցվածքային ստորաբաժանում, ծրագրի կայացման ու զարգացման մեջ ներդրել է միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն սարքավորումներով հագեցած գինու լաբորատորիայի ընձեռած հնարավորությունները, մանկավարժական և  մերչենդայզինգի իր միջազգային փորձը: Ուսումնափորձնական տնտեսություններից ձեռք է բերվել հումք, իսկ որպես ծրագրի հիմնական տարածք՝ օգտագործվել է Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունը: Գիտաուսումնաարտադրական կենտրոնները  ծրագրի հաջող ընթացքին աջակցել են իրենց գիտական ներուժով և հումքային բազայով (սելեկցիոն սորտերով)` իրականացնելով իրենց կանոնադրություններից բխող համապատասխան գործառույթներ:

Ծրագրի շրջանակներում ստեղծված ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը հնարավորություն է տալիս համալսարանի համապատասխան մասնագիտությունների ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին կենտրոնում իրականացնել իրենց հետազոտական աշխատանքները, կատարել տարբեր փորձեր և հիմնվելով դրանց արդյունքների վրա՝ իրենց առաջարկություններն անել կրթական ծրագրի  հետագա կատարելագործման և գինեգործության զարգացման համար: Ընթացքում ուսանողների գիտական և հետազոտական աշխատանքներով գրանցված նորարարություններն ու որպես շրջանավարտ՝ աշխատաշուկայի պահանջները բավարարելը կդառնան ծրագրի արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշները:

Ծրագրի շոշափելի և ոչ շոշափելի արդյունքներ՝

  • Գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգ՝ հիմնված նորագույն կրթական և նյութատեխնիկական բազայի վրա:
  • Գիտափորձերի, նոր տեխնոլոգիական մշակումների և հին տեխնոլոգիաների կատարելագործման համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած տնտեսություն:
  •  Գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար անհրաժեշտ կրթական բովանդակություն:
  • ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի նյութատեխնիկական բազայում գինեգործության մասնագիտացված լսարանների առկայություն:
  • Գինու արտադրության, խաղողի և այլ մրգերի մշակում և վերամշակում, արտադրական տեխնիկայի օգտագործում, գինեգործության և հարակից բնագավառներում խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում:
  • Գովազդարշավների ընդ­լայն­ման և ակտիվացման ճանապարհով մարզերում բնակվող երիտասարդների  և ընդհանրապես հասարակության շրջանում համալսարանի և նրա մասնաճյուղերի մասին իրազեկվածության բարձրացում:
  • ՀՀ-ում գինու տուրիզմի զարգացմանը նպաստող դրական միտում:
  • Դիմորդների, ուսուցանվողների, ուսանողների և գիտնականների շրջանում բարձր մոտիվացիայի առկայություն:
  • Վերապատրաստումների շնորհիվ բարձր որակավորում ունեցող մասնագետների/դասախոսների առկայություն:

Ծրագրի ակնկալվող արդյունքներից է նաև գինու ընդլայնված վերաարտադրության հիմնումը, որը թույլ կտա ապահովել կառույցի ինքնաֆինանսավորումը՝ նպաստելով ծրագրով նախատեսված վերջնարդյունքի իրականացմանը: