Logo
ՀԱԱՀ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Նպատակ

Նպատակ Նպատակ Նպատակ

ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը ստեղծվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) գինեգործական կրթության և գիտաարտադրական գործունեության կատարելագործումը՝  հիմնված նյութատեխնիկական նորագույն բազայի ստեղծման և առկա գիտակրթական ներուժի զարգացման վրա, ինչը հնարավորություն կընձեռի ոլորտի համար պատրաստել մրցունակ մասնագետներ,  գինեգործության ոլորտում իրականացնել գիտահետազոտական և նորարարական ծրագրեր:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես ՀՀ-ում ագրոպարենային բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն իրականացնող  միակ բուհ,   ստեղծելով գինեգործական կրթության համար  նորագույն նյութատեխնիկական բազա, նպատակ ունի  մեկ միասնական համակարգի մեջ  միավորել համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գինեգործությանն առնչվող գիտական և նյութական ռեսուրսները` ապահովելով ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարության խթանումը:

Նկատի ունենալով, որ գինեգործությունը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, և ճյուղի համար անհրաժեշտ կադրերի ապահովումն իրականացնում է միայն ՀԱԱՀ-ը, հետևաբար, միավորելով ՀԱԱՀ-ի կազմում գործող Խաղողապտղագինեգործության և Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի երկու գիտական կենտրոնների, նաև Բալահովիտի և Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունների գիտաշխատողների ներուժը և առկա հումքային բազան`  ՀԱԱՀ գինեգործության ուսումնական կենտրոնը հնարավորություն է ստեղծում  պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել նորամուծական գիտական ծրագրեր, մատուցել կրթական ծառայություններ  ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և այլ հաստատություններին:

ՀԱԱՀ ուսումնափորձնական տնտեսությունների և գիտական կենտրոնների նյութական բազաների և գիտական  ներուժի հիման վրա ստեղծված, ուսումնական և հետազոտական գործընթացներին համապատասխանող,  նորագույն սարքավորումներով հագեցված գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի գործունեության  առանձնահատուկ նպատակներն են՝

  • Ունենալով ժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրական բազա և պրակտիկ գիտելիքների ուսուցման հնարավորություն՝ գինեգործության ոլորտի համար բարձր որակավորում ունեցող մրցունակ կադրերի թողարկում:
  • ՀԱԱՀ-ի և գինեգործության ոլորտի  գիտնականների հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ պայմանների ապահովում, դրանով իսկ ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավորության ստեղծում և նորարարական գործունեության խթանում (սելեկցիոն նոր սորտերի ստեղծում և այդ բնագավառում նոր տեխնոլոգիաների մշակում):
  • Գործող կրթական ծրագրերի և ուսումնական պլանների, ինչպես նաև դասավանդման և ուսումնառության տեսական ու պրակտիկ նյութերի շարունակական արդիականացում՝ հիմնվելով կրթական համապատասխան նախապայմանների և գործատուների կողմից կրթությանը ներկայացվող պահանջների ուսումնասիրությունների վրա և ապահովելով բարձրորակ կրթություն:
  • Վերամշակող արտադրություն ունենալու պայմաններում զարկ տալ տեղական խաղողի տեխնիկական սորտերի արտադրությանը՝ վերականգնելով հանրապետությունում մոռացված որոշ սորտերի վերամշակումը, ինչպես նաև այդ ամենի արդյունքում թողարկելով նորարարական արտադրատեսակներ, օրինակ լինել  հանրապետությունում գործող մյուս գինեգործական ձեռնարկությունների համար:
  • Խթանելով հանրապետությունում գինու արտադրության դիվերսիֆիկացիան և արտահանման կարևորագույն գործընթացը՝ համապատասխան մասնագետների ներուժով նպաստել Հայաստանում գինու տուրիզմի առաջընթացին և նախադրյալներ ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար:
  • «Տեմպուս» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ում իրականացվող «Ագրոբիզնեսի ուսուցում» մագիստրոսական ծրագրի  «Ագրոտուրիզմ» մասնագիտության ուսանողների համար ստեղծել հնարավորություն՝ ստանալու տեսական հարուստ գիտելիքներ  և ձեռք բերելու պրակտիկ փորձ` նպաստելով գինու տուրիզմի զարգացմանը: