Logo
ՀԱԱՀ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Արդիականություն

wine production technology  winery

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունը երկրի գերակա ճյուղերից է, ուստի ոլորտի կարևորագույն հիմնախնդիրերից մեկը ժամանակակից պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն է: Հետևաբար, գյուղատնտեսության զարգացման քաղաքականության գիտականորեն հիմնավորված ռազմավարության մեջ պահանջված կադրերի պատրաստման դերն ու նշանակությունն ակներև են, ու ագրոպարենային համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը, գիտությունը և  բանիմաց ու նպատակային խորհրդատվությունը կարևոր են կայուն տնտեսական աճի և աղքատության հաղթահարման գործում։

Վերջին տարիներին բարձրագույն կրթությամբ մասնագետների մի ամբողջ բանակ  աշխատանքից զրկվեց ոչ միայն աշխատատեղերի կրճատման, այլև աշխատանքի շուկայի նոր պահանջներին որակապես չհամապատասխանելու պատճառով: Այս հիմնավորմամբ այսօր ՀՀ Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում հատկացնել ագրարային ոլորտի ուսուցանվողների պրակտիկ գիտելիքների և ունակությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Ծրագրի արդիականությունը կապվում  է ՀՀ-ում գինեգործության զարգացման հետ: Հանրապետությունում սննդարդյունաբերության ոլորտը  զարգացած ճյուղերից է, որն իր հերթին նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը: Այդ ոլորտում իր ուրույն մասնաբաժինն ունի գինեգործությունը՝ լինելով   երկրի տնտեսության զարգացման համար հեռանկարային ճյուղ: ՈՒստի պատահական չէ, որ վերջին մի քանի տարիներին անընդհատ ավելանում է դիմորդների հետաքրքրությունը տեխնոլոգիական մասնագիտությունների, մասնավորապես, «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության նկատմամբ: Հետևաբար, ոլորտը որակյալ կադրերով ապահովելու խնդիրը դառնում է երկրի զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը:

ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծումը լուրջ պահանջ դրեց գինեգործության ոլորտի միջին և բարձրագույն կրթությամբ մասնագետների գործնական գիտելիքների որակի բարձրացման և նյութատեխնիկական համապատասխան բազայի ստեղծման առումներով, քանի որ աշխատանքի ընթացքում շրջանավարտները լուրջ դժվարություններ էին ունենում՝ «բախվելով» ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին:

Միաժամանակ, ՀՀ-ում այսօր  վերամշակող շատ ձեռնարկություններ կիրառում են ժամանակակից հոսքագծեր, որոնք ճիշտ շահագործելու համար նույնիսկ երկարատև աշխատանքային փորձ ունեցող մեծ թվով տեխնոլոգներ  վերաորակավորման կարիք ունեն, իսկ գյուղատնտեսության ոլորտում վերամշակում իրականացնող փոքրածավալ գյուղացիական տնտեսություններ՝ համապատասխան կրթությամբ և կարճաժամկետ ծրագրերով ուսուցում անցած կադրերի:

Բացի այդ, ՀՀ-ում այսօր էապես փոխվել են գինեգործության ոլորտի հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող այնպիսի մասնագիտություններին ներկայացվող պահանջները,  ինչպիսիք են՝ գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիան և դիզայնը, շուկայաբանությունը, փորձաքննությունը, ստանդարտացումը,  սերտիֆիկացումը և այլն:

Ծրագրի արդիականությունը կապվում է նաև ՀՀ-ում գինու տուրիզմի զարգացման հետ, ինչը կենտրոնի առանձնահատուկ, բայց ժամանակակից պահանջները բավարարող ամենաարդի ոլորտներից  է, որի զարգացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել գյուղական տարածքների բնակիչների համար՝ ապահովելով նրանց աշխատատեղերով: Ագրարային համալսարանը, համագործակցելով «Տեմպուս» ծրագրի հետ, այժմ իրականացնում է ագրոտուրիզմի նոր կրթական ծրագիր:

Այսպիսով, ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը հնարավորություն է տալիս համալսարանական կրթության կազմակերպումն իրականացնել  «լսարան-արտադրություն» մեթոդաբանությամբ՝ ապահովելով ոլորտի որակյալ կադրերի պատրաստաման համար անհրաժեշտ կրթություն-գիտություն-արտադրություն փոխկապակցված և արդյունավետ համախումբը: