«Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի ակնկալվող վերջնարդյունքն է ինքնաֆինանսավորմամբ գործող, մշտական վերարտադրություն ապահովող և զարգացող գիտակրթաարտադրական բազայի առկայություն՝ ապահովելու երկրի գինեգործության ոլորտը որակյալ կադրերով և նորամուծություններով:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`
- Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ՀԱԱՀ-ի շրջանավարտների մասնագիտական աշխատանքի անցնելը
- Միջազգային ստանդարտներին համապատասխան գիտական հետազոտությունների, հայտնագործությունների իրականացում և դրանց ներդրում ի նպաստ ճյուղի զարգացման:
- Նոր ուսումնական պլանների և ծրագրերի առկայության շնորհիվ արդիականացված և առավել արդյունավետ ուսումնական գործընթացի կազմակերպում:
Ծրագրի արդյունքում համալսարանի կազմում արդեն իսկ գործող բոլոր կառույցները և նրանց հնարավորությունները մեկտեղվել են մեկ գաղափարի շուրջ` դարձնելով կրթությունն առավել արդյունավետ և համակողմանի: Ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը, համախմբելով իր գիտամեթոդական ու մանկավարժական փորձն ու ներուժը, առկա ռեսուրսները (գրականություն և այլն), իր կազմում գործող այլ կառույցների հետ մեկտեղ, ապահովել է ծրագրի հաջող իրականացումը ու շարունակականությունը: Մասնավորապես, EVN գինու ակադեմիան, որպես կառուցվածքային ստորաբաժանում, ծրագրի կայացման ու զարգացման մեջ ներդրել է միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն սարքավորումներով հագեցած գինու լաբորատորիայի ընձեռած հնարավորությունները, մանկավարժական և մերչենդայզինգի իր միջազգային փորձը: Ուսումնափորձնական տնտեսություններից ձեռք է բերվել հումք, իսկ որպես ծրագրի հիմնական տարածք՝ օգտագործվել է Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունը: Գիտաուսումնաարտադրական կենտրոնները ծրագրի հաջող ընթացքին աջակցել են իրենց գիտական ներուժով և հումքային բազայով (սելեկցիոն սորտերով)` իրականացնելով իրենց կանոնադրություններից բխող համապատասխան գործառույթներ:
Ծրագրի շրջանակներում ստեղծված ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը հնարավորություն է տալիս համալսարանի համապատասխան մասնագիտությունների ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին կենտրոնում իրականացնել իրենց հետազոտական աշխատանքները, կատարել տարբեր փորձեր և հիմնվելով դրանց արդյունքների վրա՝ իրենց առաջարկություններն անել կրթական ծրագրի հետագա կատարելագործման և գինեգործության զարգացման համար: Ընթացքում ուսանողների գիտական և հետազոտական աշխատանքներով գրանցված նորարարություններն ու որպես շրջանավարտ՝ աշխատաշուկայի պահանջները բավարարելը կդառնան ծրագրի արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշները:
Ծրագրի շոշափելի և ոչ շոշափելի արդյունքներ՝
- Գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգ՝ հիմնված նորագույն կրթական և նյութատեխնիկական բազայի վրա:
- Գիտափորձերի, նոր տեխնոլոգիական մշակումների և հին տեխնոլոգիաների կատարելագործման համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած տնտեսություն:
- Գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար անհրաժեշտ կրթական բովանդակություն:
- ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի նյութատեխնիկական բազայում գինեգործության մասնագիտացված լսարանների առկայություն:
- Գինու արտադրության, խաղողի և այլ մրգերի մշակում և վերամշակում, արտադրական տեխնիկայի օգտագործում, գինեգործության և հարակից բնագավառներում խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում:
- Գովազդարշավների ընդլայնման և ակտիվացման ճանապարհով մարզերում բնակվող երիտասարդների և ընդհանրապես հասարակության շրջանում համալսարանի և նրա մասնաճյուղերի մասին իրազեկվածության բարձրացում:
- ՀՀ-ում գինու տուրիզմի զարգացմանը նպաստող դրական միտում:
- Դիմորդների, ուսուցանվողների, ուսանողների և գիտնականների շրջանում բարձր մոտիվացիայի առկայություն:
- Վերապատրաստումների շնորհիվ բարձր որակավորում ունեցող մասնագետների/դասախոսների առկայություն:
Ծրագրի ակնկալվող արդյունքներից է նաև գինու ընդլայնված վերաարտադրության հիմնումը, որը թույլ կտա ապահովել կառույցի ինքնաֆինանսավորումը՝ նպաստելով ծրագրով նախատեսված վերջնարդյունքի իրականացմանը: