![]() | ![]() | ![]() |
ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը կառուցվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: 2 տարի տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 24.12.2015թ. և ավարտվել 23.12.2017թթ.: Ծրագիրն իրականացվել է 6 փուլով: Նախապես մշակված գործողությունների պլանին համապատասխան ծրագրի իրականացման համար կատարվել են հետևյալ աշխատանքները՝
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2016թ. հունվարին «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի իրականացման համար ՀԱԱՀ-ը տրամադրել է արտադրական տարածքներ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում: Մշակվել է շինարարական աշխատանքների սխեման, ընտրվել է շինարարական աշխատանքներ իրականացնող խումբ:
2016 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում ամբողջությամբ պարսպապատվել է Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տարածքը, թիթեղապատվել շենքի տանիքը, բարեկարգվել երկրորդական շինության տարածքը, կատարվել ներքին քանդման աշխատանքներ, տարածքը հարմարեցվել է արտադրական նպատակներին, իրականացվել ներքին հարդարման աշխատանքները:
![]() | ![]() | ![]() |
2017թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում շինության հետնամասում բացվել է մուտք, բետոնապատվել ճանապարհը, իրականացվել 1-ին և 2-րդ հարկերի միջնապատերի քանդում, միջհարկային ծածկի ապամոնտաժում, նկուղային հարկի հատակի ե/բ սալահարթակի տեղադրում, տանիքի վերանորոգում ցինկապատ թիթեղով, ֆրանտոյի շարվածք, հենասյան համար հիմքի փորում, միջնապատի մեջ դռան բացվածք, հատակի բետոնի քանդում, դարպասների և եվրոպատուհանների տեղադրում:
Երկու շինություններում ամրացվել են կրող պատերը, ապամոնտաժվել միջհարկային ծածկը, ամբողջապես կառուցվել է շշալցման արտադրամասի տանիքը, անցկացվել է ջրագիծ և կոյուղի: Շշալցման արտադրամասում կատարվել են առաստաղի և պատերի ներկում, ջրահեռացման համակարգի մոնտաժում, հետևի պատի ջրամեկուսացում:
Ջրամատակարարման, ջրահեռացման աշխատանքներին զուգահեռ, տեղադրվել են էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության համակարգեր: 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հիմնական շինության երկու կողմերում կառուցվել են հովհարներ, սանհանգույց, ավարտվել են հիմնական շինության ներկարարական աշխատանքները, սալիկապատումը: Ոսկեհատ ուսումնափորձնական տնտեսության 2-րդ հարկում կառուցվել է լսարանային տարածք:
ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
2016 թվականին մշակվել է տրամադրված տարածքի շենքային պայմաններին համապատասխան գինեգործության համար անհրաժեշտ տեխնիկա-տեխնոլոգիական սխեման, ապա պատրաստվել են գնվելիք սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը: Համալսարանը պայմանագիր է կնքել վրացական GB Consulting ընկերության հետ, որը մատակարարել է գինեգործական իտալական սարքավորումներ հանրահայտ Della Toffola, Pesce և այլ ընկերություններից: Ձեռք են բերվել նաև վրացական պահամաններ, հայկական բարձրորակ 30 տակառ: Բոլոր սարքավորումները տեղադրվել և փորձարկվել են մատակարարների և ՀԱԱՀ-ի անձնակազմի կողմից:
![]() | ![]() | ![]() |
ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ
2016 թվականին (օգոստոս-սեպտեմբեր ամիսներին) իրականացվել է հայաստանյան գինեգործական կազմակերպությունների փորձի ուսումնասիրություն, որի հիման վրա բացահայտվել են հնարավոր ուղիներ ծրագրի հետագա զարգացման համար: Ուսումնասիրվել են Հայաստանում առավել տարածված գինեգործական արտադրանքի ապրանքանիշեր, ընտրվել են առաջիկա տարիներին պահանջարկ ունեցող գինու տեսակները, որոնց համար հումք հանդիսացող խաղողի սորտերը պետք է մշակվեն ՀԱԱՀ-ին պատկանող հողատարածություններում համապատասխան ուղղվածությամբ այգիներ հիմնելու համար:
![]() | ![]() | ![]() |
Ծրագիրը ներկայացվել է էքսպոների, մասնավորապես՝ ArmProdExpo ամենամյա ցուցահանդեսի, տարբեր միջոցառումների, կոնֆերանսների և հանդիպումների ընթացքում, այդ թվում՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ռեկտորի և աշխատանքային թիմի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում:
Ծրագրի կառավարման անձնակազմի անդամները ս.թ. մարտի 20-22-ը այցելել են Գերմանիայի Նոյնշտատի համալսարան, որտեղ հանդիպումներ են ունեցել ուսումնական և արտադրական գծով պատասխանատու անձանց, քննարկումներ անցկացրել համալսարանի տարբեր մասնագետների հետ: Թիմն այցելել է համալսարանի գիտաուսումնական և արտադրական գինեգործարան, ինչպես նաև մեկ այլ գինեգործարան, որտեղ կազմակերպվում է ուսանողների պրակտիկան:
Մարտի 23-25-ը թիմը մեկնել է Գայզենհայմի համալսարան, հանդիպումներ ունեցել վարչական, ուսումնական և արտադրական բաժինների աշխատակիցների հետ: Քննարկվել են ուսումնական բաղադրիչի զարգացման գործընթացները, ուսումնասիրվել ուսումնական պլանները: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀԱԱՀ գիտխորհրդում և համապատասխան դեկանատում ու ամբիոնում:
ԿՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվել են տարբեր սեմինարներ՝ ուղղված կրթական նոր մոտեցումների կիրառմանը, դասավանդման մեթոդների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև գիտական գաղափարի շուկայահանման և ոլորտի շահագրգիռ սուբյեկտների հետ փոխհամագործակցության ծրագրերի կազմմանը:
![]() | ![]() | ![]() |
Ուսումնասիրվել է ՀԱԱՀ-ի համար ուսանողների պրակտիկա կազմակերպող գործարաններում անցկացվող պրակտիկ գիտելիքների հաղորդման պրոցեսը: Իրականացվել են համալսարանի, նրա մասնաճյուղերի ու քոլեջների ուսումնական ծրագրերի, գործնական պարապմունքների և արտադրական պրակտիկաների անցկացման, մեթոդական նյութերի, պրակտիկ դասընթացների վերանայման աշխատանքներ: Արդյունքում տպագրվել է ՀԱԱՀ-ի դասախոսների կողմից պատրաստված հետևյալ 4 ձեռնարկները՝ «Գինու տեխնոլոգիա, ուսումնամեթոդական ձեռնարկ», «Գինու ֆիզիկաքիմիական ցուցանիշների հետազոտման մեթոդական ցուցումներ», «Խմորման արտադրության տեխնոլոգիա, մաս 1», «Խմորման արտադրության տեխնոլոգիա, մաս 2»: Տպագրվել է նաև գինեգործական սարքավորումների վերաբերյալ 208 էջանոց 100 օրինակ դասագիրք( «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ», հեղ. Լ. Սամվելյան): Ծրագրային թիմի կողմից մշակված գովազդային արշավի պլանին համապատասխան՝ պատրաստվել և հրապարակվել են գովազդային նյութեր, ծրագրային ցուցապաստառներ: www.anau.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում ծրագրի վերաբերյալ հրապարակվել են տեղեկատվական նյութեր :
Իրականացվել են նաև համատեղ սեմինարներ՝ ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի ներուժի ներկայացման, ուսումնական նոր ծրագրերի մշակման, պրակտիկաների և գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով, որոնց ներկա է եղել 30 մասնակից (ՀԱԱՀ-ի, EVN-ի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, հայ-հունական պետական քոլեջի դասախոսներ, մասնագետներ, ասպիրանտներ, գործատուներ, ոլորտի ներկայացուցիչներ): Կազմակերպվել է մասնակիցների այց Ոսկեհատ, որի շրջանակներում ներկայացվել է կենտրոնի ներուժը, ուսումնական նոր ծրագրերի մշակման կարևորությունը (պրակտիկաների և գործնական պարապունքների կազմակերպման նպատակով): Կազմակերպված սեմինարների արդյունքներն ամփոփվել, ի մի են բերվել և նախանշվել են նոր անելիքները՝ կրթական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությամբ:
![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() | ![]() |